Եվ այսպես, 21-րդ դարի առաջին քառորդը մնաց անցյալում: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներն ուղեկցվում են պատերազմներով, տնտեսական-էներգետիկ ռեսուրսների համար կատաղի պայքարով և միջազգային հարաբերություններում պետությունների հարաբերությունների նոր սկզբունքներով: Միջազգային իրավունքը, որն այդպես էլ չգործեց, այժմ լրիվ իմաստազրկվել է, դարձել ծաղրանքի առարկա:
Հայ ժողովուրդն էլ, որն, ըստ միջազգային իրավունքի, հավատում էր ինքնորոշման իրավունքին, առաջին տուժողներից մեկն էր: Հիմա ներհայաստանյան քաղաքական բանավեճում արևմտամետ և հակաարևմտամետ-ռուսամետ բևեռների «գաղափարական»՝ բավականին զվարճալի բանավեճը շարունակում է պահպանվել հին ու հնացած դոգմաներով: Արևմտամետ-եվրոպամետ-վիլսոնասեր «քաղաքագետները» հիմնահատակ «ավերում» են ՌԴ միջազգային քաղաքական վարկանիշը, իսկ եվրոպական լուսավոր ապագայի հակառակորդ ռուսամետները կոչ են անում սթափվել և հիշել, թե մեր դժբախտ ժողովուրդը քանի անգամ է խաբվել եվրոպական մայրաքաղաքներում՝ Բեռլինի կոնգրեսից և Սևրի պայմանագրից մինչև մեր օրեր: Առավել լուրջ մարդիկ կոչ են անում հրաժարվել բոլոր տեսակի կարծրատիպերից, առաջնորդվել իրատեսական մերկ հաշվարկներով: Իզմ-երին և մետ-երին հետևելը պետք է պայմանավորված լինի ազգային-պետական շահերի համապատասխանելիությամբ: Եթե անհրաժեշտ լինի, 24 ժամը մեկ կարելի է և փոխել դիրքորոշումը, մանևրել և իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով: Ցանկացած միջպետական հարաբերությունների «սկզբունք» կարող է «մեկնաբանվել» լրիվ հակադիր եզրահանգումներով: Ի դեպ, խորհրդային կայսրության փլուզմանը նպաստելու պատրվակով միջազգային հարաբերությունների ոլորտ ներմուծված «մարդու իրավունքների» հիմնահարցը ևս իմաստազրկվել է: Հետսառըպատերազմյան աշխարհակարգում մոլեգնող տաք պատերազմները դրա վառ ապացույցն են: «Ժողովրդավարական» վարչակարգերի գնահատականները ուժային կենտրոնների մայրաքաղաքներում նույնպես տրվում են շահերի մերկ հաշվարկից: Ավտորիտար բռնապետություններին Վաշինգտոնում գովաբանում են, եթե նրանք ԱՄՆ դաշնակիցներ են, իսկ Վրաստանի իշխանությունները, որոնք հազարապատիկ անգամ ավելի դեմոկրատական են, քննադատվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պատերազմին չմիանալու համար: Ռուսական և չինական ներկա իշխանավորների համար Էլ արդար և ժողովրդական է հյուսիսկորեական վարչակարգը: Եվ այսպես շարունակ: Հուսով եմ՝ խոսքիս ուղերձը հասկանալի էր:
Գարիկ Քեռյան